Էրդողանը չի այցելի Հայաստան ապրիլի 24-ին. թուրքագետ
Վերջերս թուրքագետների կողմից շատ է շրջանառվում այն հարցը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին կժամանի Հայաստան: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համակարծիք չէ այս տեսակետի հետ:
«Եթե ուսումնասիրենք Էրդողանի կարիերան որպես քաղաքական գործիչ, ապա կտեսնենք, որ այստեղ գերակշռում է ոչ թուրքական ցանկացած էլեմենտի նկատմամբ ագրեսիվ պահվածքը: Նկատենք, որ Էրդողանը դատապարտվել և բանտարկվել է հենց կրոնական մոլեռանդություն քարոզելու համար՝ դեռևս լինելով Ստամբուլի քաղաքապետ: Եվ դժվար է ենթադրել, որ նման գործիչը կարող է գնալ այսպիսի զոհողություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետը:
Ըստ բանախոսի՝ այստեղ կա նաև սառը քաղաքական հաշվարկ. Էդողանը 2015-ին ունի երկու կարևոր ընտրություն՝ խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական փոփոխությունները, որը նրան կօժտի մեծ լիազորություններով: Թուրքագետը վստահ է, որ այս ամենն Էրդողանը չի դնի զոհասեղանին՝ Հայաստան այցելով:
Վարդուհի Ստեփանյան