Ռուսաստանը երբեք չի թողնի, որ խաղաղություն հաստատվի Անդրկովկասում
Հերթական ծաղկուն երկիրն է քանդվում եղբայրասպան պատերազմից արնաքամ լինելով: Իրաք, Սիրիա, Լիբիա, Եգիպտոս, Աֆղանստան, Ուկրաինա, աֆրիկյան բազմաթիվ երկրներ, ուր խաղաղ բնակչության ու բազմաթիվ զոհերի արյան մեջ են թաթախվում գերտերությունները: Այն պետություններում էլ, որտեղ չկա եղբայրասպան պատերազմի միջոցով արնաքամ անելու և թուլացնելու հեռանկար, թեժացնում են հարևանների հետ գոյություն ունեցող կոնֆլիկտները: Մի հարվածով երկու թիրախ խոցելն ավելի արդյունավետ է գերտերությունների համար: Այն, ինչ այսօր կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին` սոսկալի է:
Ամեն օր նոր ծավալներ ստացող սահմանային բռնկումներն արնաքամ են անում մեզ էլ, մեր հակառակորդին էլ ու սպառնում են տոտալ պատերազմի վերսկսումով, ինչը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից ու Ադրբեջանից: Մեծ հաշվով, որպես օտարի շահերի սպասարկու, պատերազմի վերսկսումը ձեռնատու է նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, բայց ոչ ժողովուրդներին: Անցյալ դարի վերջում ԽՍՀՄ տարածքում սկիզբ առած շարժումները հանգեցրին այդ երբեմնի հզորագույն երկրի փլուզմանն ու 15 նոր պետությունների ստեղծանը:
Ռուսաստանը ոչ մի կերպ չէր և չի մարսում այն միտքը, որ կարող են անկախ իրենից, գոյություն ունենալ ինքնիշխան պետություններ և անում է ամեն ինչ նրանց ետ վերադարձնելու համար: Մերձբալթիկայում դա չստացվեց, քանզի Լատվիան, Լիտվիան, Էստոնիան իրենց իշխանություններով ու ժողովուրդներով միահամուռ որդեգրեցին անկախ և ազատ ապրելու գաղափարն ու վերջնականապես դուրս պրծան ռուսական ճահճից: Անդրկովկասում դեռևս ռուսներին հաջողվում է բաժանիր, որ տիրես սկզբունքով անել այն, ինչ չհաջողվեց անել Մերձբալթիկայում:
Ռուսաստանը երբեք չի թողնի, որ խաղաղություն հաստատվի Անդրկովկասում և Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը հանդես գան միասնական ճակատով ինքնիշխան պետություններ կերտելու գաղափարով: Եվ ուրեմն հետևությունը միակն է. քանի դեռ մեր երկրում չկա սեփական ժողովրդին հաշվետու , սեփական ժողովրդի ու երկրի շահերով առաջնորդվող իշխանություն, մեր մեջ ավելի է խորանալու հայրենիքը լքողի և թափառաշրջիկ գնչուի հոգեբանությունը, իսկ Հայաստանի Հանրապետություն կոչվող երկիրն էլ կանգնելու է վերացման վտանգի առաջ:
Արարատ Ճաղարյան. ֆեյսբուք