«Բորոդինո» պահածոների գործարանը մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բորոդինո» պահածոների գործարանը դեռ նախորդ տարվանից մինչ օրս մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանից տեղեկացավ որ բնակիչներից գործարանը խնձոր է մթերել և մինչև հիմա գումար չի տվել:
«Խոսել եմ ընկերության տնօրինության հետ: Նրանք էլ պատճառաբանում են, թե ապրանքը չեն վաճառել, գումար չունեն ու հիմա սպասում են, որ վարկ վերցնեն և մարեն այդ պարտքերը»,-ներկայացրեց գյուղապետը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաև «Բորոդինո» պահածոների գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով լսելով հարցը, խուսափեց պատասխանել և միայն ասաց. «Ես ոչնչից տեղյակ չեմ և իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: