Ռուսաստանի միջազգային մեկուսացումն Արևմուտքի կողմից ավելի է խորանում
Փաստացի չիրականացան ռուսական կողմի այն ակնկալիքները, որ Բրյուսելը չի տրվի Վաշինգտոնի ճնշումներին, որ գիտակցելով ռուսական տնտեսության հետ իր տնտեսության սերտ կապը, հնարավոր ռիսկերը, չի դիմի նման խիստ միջոցների: Այս իրավիճակում Ռուսաստանի միջազգային մեկուսացումն Արևմուտքի կողմից ավելի է խորանում, ինչը Մոսկվային կանգնեցնում է բարդ ընտրության առջև: Հարաբերություններում լարվածության էլ ավելի խորացման դեպքում Ռուսաստանն ունենում է գործելու մի քանի տարբերակ:
Առաջինը՝ զիջել, ինչը ներկա պահին քիչ հավանական է՝ հաշվի առնելով Մոսկվայի որդեգրած քաղաքականությունը: Դա կնշանակի ընդունել ճգնաժամի ողջ պատասխանատվությունը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն իրեն չի համարում ուկրաինական հակամարտության անմիջական կողմ: Երկրորդը՝ դիմել պատասխան պատժամիջոցների, ավելի անմիջականորեն աջակցել ուկրաինացի ապստամբներին՝ գնալով դիմակայության Արևմուտքի դեմ: Սա նույնպես քիչ հավանական է, քանի որ դա նախ հակասում է Ռուսաստանի երկարաժամկետ շահերին, երկրորդն էլ՝ Ռուսաստանը չունի համապատասխան ռեսուրսներ:
Երրորդ տարբերակն է ոչ զիջելով, ոչ հարձակվելով թեքվել դեպի Արևելք, ընդլայնել համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի և արևմտյան քաղաքականությունից դժգոհ այլ երկրների հետ՝ փորձելով նվազեցնել հնարավոր կորուստները և Արևմուքի հետ հարաբերություններում ձեռք բերել ազդեցության ավելի մեծ լծակներ: Հավանաբար Ռուսաստանը կընտրի երրորդ տարբերակը՝ միաժամանակ ակտիվորեն առաջ տանելով ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում:
Տիգրան Խաչատրյան, ֆեյսբուք