«Զորավար» հիմնադրամը տուն-թանգարան կառուցելու նպատակով պահանջում է իրեն հանձնել Արամ Մանուկյանի բնակարանը
Արամ Մանուկյանի տան ճակատագրով մտահոգված պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն և քաղաքապետարան` բնակարանի հարցը լուծելու համար:
«Քաղաքապետարանից մենք պահանջում ենք չեղյալ համարել շենքի վաճառքի վերաբերյալ որոշումը, այն հանձնել մեզ, որպեսզի մենք ինքներս նորոգենք: Իսկ կառավարությունից պահանջում ենք թողարկել Արամ Մանուկյանի շքանշան և շնորհել տարին մեկ անգամ, մեկ արժանավոր մարդու: Բացի այդ` մենք պահանջում ենք հոկտեմբերի 31-ին մեզ տրամադրել Ֆիլարմոնիայի դահլիճը, որպեսզի այնտեղ Արամ Մանուկյանի 135-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպենք»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Բանախոսը հավելեց նաև, որ հիմնադրամը նպատակ ունի հրատարակել «Արամ Մանուկյան» մենագրությունը և գործչին նվիրված ֆիլմ նկարահանել:
Վարդուհի Ստեփանյան