Հուլիսի 29-ին է ծնվել Հովհաննես Այվազովսկին
Այսօր հայ մեծանուն ծովանկարիչ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 հուլիսի 29-ին Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)' աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են հայերեն' «Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян) ստորագրությունը։
Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում' դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար' նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։
Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։
Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին' որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։
Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։