Երիցուկի օգտակար հատկությունները
Դեղատնային երիցուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա բույս է։ Ունի մինչև 60 սմ բարձրություն։ Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։
Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։ Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։
Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։ 1000 հատիկ սերմերի քաշը հասնում է 0,03-0,07գ։ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը' 0,075-0,08գ.։