Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և ծրագրին
Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և ծրագրին: Խորհրդարանում կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական փոքրամասնությունը՝ «Միասնական ժողովրդական շարժումը»: Նախարարներից 4-ը և մեկ պետնախարար կորցրել են պաշտոնը, ևս 2 նախարար տեղափոխվել է այլ ոլորտ:
Նոր կառավարությունը ներկայացրել է նոր ծրագիր, որտեղ հիմք է ընդունել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ստանձնած պարտավորությունները:
«Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստանի համար» ծրագիրը 31 գլուխ ունի, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին, այդ թվում՝ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, ներառյալ՝ նոր Սահմանադրության մշակումը:
Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շաբաթվա սկզբին հայտարարել էր նախարարների մի մասի փոփոխության մասին՝ դա պատճառաբանելով կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: