Գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով
ՌԴ Քննչական կոմիտեն հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել 2 հոդվածով: Այս մասին հայտնում է «Ведомости»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում առկա իր աղբյուրին:
Համաձայն տեղեկության` Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) և 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Աղբյուրի փոխանցմամբ` յուրացումն այս գործի պարագայում նշանակում է պարգևավճար միջնորդության համար, ինչը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքի ժամանակ: Այս գործի շրջանակներում որպես հիմնական կասկածյալ, ըստ աղբյուրի` անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Այդ գումարը կարող է հասնել մինչև 50 մլն դոլարի: Ռահիմովը հանդիսնաում է այս գործով հիմնական կասկածյալը, իսկ Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր գործընկերը:
Փոխանցվում է, որ քրեական գործը դեռ հարուցվել էր ապրիլի 28-ին, իսկ հուլիսի 23-ին` այս գործի շրջանակներում հարցաքննվել էր նաև «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: