Իրանի դեսպանի խոսքերի հասցեատերը Ռուսաստանն է
«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի դեսպանի խոսքերի հասցեատերը Հայաստանը չէ, այլ Ռուսաստանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը' անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի' վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին հայ-իրանական էներգետիկ համագործակցության և Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու հնարավորություններին' իրանական գազը դեպի արևմտյան երկրներ արտահանելու համար:
Ս. Դանիելյանի խոսքով' Հայաստանը շատ փոքր երկիր է' նման աշխարհաքաղաքական ծրագրեր նախաձեռնելու համար, հետևաբար, Իրանն այդ հարցերը ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ: Ըստ նրա' Իրանը կարող է գազը դեպի Եվրոպա տարանցել նաև Թուրքիայի տարածքով, սակայն, քանի որ ցանկանում է որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ավելի շատ շահագրգռված է, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր:
Միաժամանակ Ս. Դանիելյանն անդրադարձավ իրանական փորձագիտական շրջանակներում քննարկվող այն տեսակետին, որ Ռուսաստանը կարող է մասնակցել իրանական և թուրքմենական գազը դեպի Հնդկաստան և հարակից երկրներ տարանցելու ծրագրին:
Նրա կարծիքով' այդ պարագայում Հայաստանը կրկին հնարավորություն ունի դառնալու տարանցիկ երկիր' ռուսական գազը տեղափոխելու դեպի արևելյան երկրներ»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: