Ի՞նչ կլինի սեպտեմբերին
««Ժողովուրդ» թերթը գրում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանին լարվածության աճի և քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ: «Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին»,-ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Թեև, ինչպես միշտ' կոչերն ու հորդորներն ուղղված են «կողմերին», սակայն դատելով «քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների» հիշատակումից' ակնհայտ է դառնում, թե իրականում ով է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հայտարարության հասցեատերը: Համենայնդեպս' գոնե վերջին շրջանում քաղաքացիական անձանց սպանությունները կապված են բացառապես ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած մամլո հաղորդագրությունում նաև հիշատակվում են նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց արդյունքներից ելնելով' արդեն իսկ դիտարկվում է Սարգսյան-Ալիև հանդիպումը ոչ թե առաջիկա ամսում' Փարիզում, այլ Նյու Յորքում' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու' Ֆրանսուա Օլանդի ջանքերն ապարդյուն են եղել, և, առհասարակ, Ալիև-Սարգսյան առանձին հանդիպման հեռանկարները խիստ մշուշոտ են:
Հաշվի առնելով այն, որ երկամյա ընդմիջումից հետո անցած նոյեմբերին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ոչ միայն որևէ առաջընթաց չեղավ, այլև արձանագրվեց, թե այս ընթացքում որքան են հեռացել կողմերի դիրքորոշումները, դրան հետևած ութամսյա դադարից հետո նոր հանդիպման կազմակերպման ձախողումն առավել մտահոգիչ է դառնում: Հատկապես' սահմանային լարվածության էսկալացիայի, ադրբեջանական օրեցօր է՛լ ավելի կոշտացող ռազմական հռետորաբանության և դիվերսիաների ֆոնին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: