Դրանք ավելի շուտ հանցագործներ էին, քան դիվերսանտներ. Սուրեն Սարգսյան
«Սահմանային լարվածությունը նորություն չէ մեր երկրի համար, այլ խնդիր է: Պետք է հասկանալ, թե ինչ անենք, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի: Ցավով եմ ասում, որ մեր իշխանությունները ոչ թե լավ չեն աշխատել, այլ առհասարակ չեն աշխատել, իրենց գիտական ներուժը չեն դրել սահմանների պաշտպանության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է դիվերսանտների ներխուժմանն, ապա ըստ բանախոսի` սրանք ավելի շուտ հանցագործներ էին, քան դիվերսանտներ, քանի որ վերջիններս գաղտագողի գալիս, իրենց գործն անում ու գնում են, այլ ոչ թե գալիս են գառ մորթելու: Պարոն Սարգսյանը հակառակորդի մեր սահման պարբերաբար ներխուժելը բացատրում է մեր սահմանների ոչ պատշաճ պաշտպանությամբ:
«Սահմանը նախնադարի որակով պահպանելը պետք է բերեր նման հետևանքի: Մենք հաղթանակած բանակ ունենք և պարտավոր ենք ինքներս մեզանից բարձրանալ և մեր գիտական պոտենցիալն ու ֆինանսական միջոցներն օգտագործել մեր բանակը ուժեղ պահելու համար»,-հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա սահմանային լրավծությունն ըստ բանախոսի` չի կարող հանգեցնել պատերազմի, քանի որ պատերազմական ելքը ձեռնտու չէ ո’չ Ալիևին, ո’չ էլ մեր նախագահին:
Վարդուհի Ստեփանյան