Տեղակալաների թեկնածուներ դեռ չկան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Աղվան Հովսեփյանը: «Ժողովուրդ»-ը քննչական կոմիտեից փորձել է պարզել, թե երբ է ձևավորվելու ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը:
-Խնդրում եմ ասեք, արդյո՞ք արդեն ձևավորվել է ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը, թե՞ ոչ:
-Ժամկետները սահմանված են օրենքով: ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացնում քննչական կոմիտեի, դեպարտամենտի կառուցվածքը, հաստիքացուցակը և անվանացանկը:
-Արդյո՞ք արդեն հստակեցված է, թե քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ովքեր են նշանակվելու:
-Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները նշանակվելու են կոմիտեի կառուցվածքը հաստատվելուց հետո: Հետևաբար այս փուլում դեռ վաղ է խոսել թեկնածությունների մասին:
-Ա. Հովսեփյանն արդյո՞ք ՀՀ նախագահին առաջարկել է իր տեղակալների հավանական թեկնածուների անունները:
-Ոչ, դրա համար օրենքով նախատեսված են հստակ ժամկետներ և ընթացակարգ: Նախ' պետք է հաստատվի կոմիտեի կառուցվածքը: Ըստ օրենքի՝ կառուցվածքը կառավարության կողմից հաստատվելուց հետո' 5 օրյա ժամկետում, կոմիտեի նախագահը ՀՀ նախագահին պետք է ներկայացնի տեղակալների թեկնածությունները:
-Քննչական կոմիտեն երբվանի՞ց է սկսելու իր բուն աշխատանքները, թե՞ արդեն սկսել է:
-Կոմիտեի նախագահի նշանակման պահից' օրենքով նախատեսված ժամանակացույցի համաձայն, իրականացվում են կազմավորման գործընթացի համար անհրաժեշտ քայլերը և այդ մասով ծրագրավորված աշխատանքներ են իրականացվում:
-Արդյո՞ք Ա. Հովսեփյանը նպատակ ունի իր աշխատակազմում ընդգրկել այն մարդկանց, ովքեր նախկինում աշխատել են իր հետ ՀՀ գլխավոր դատախազությունում:
-Նախկին, ներկա ձևակերպումներն ինքնին անընդունելի են: Կարևորվում են մասնագիտական ունակությունները, աշխատանքային հմտությունները, փորձառությունը: Կադրային քաղաքականության և, ընդհանրապես, կոմիտեի աշխատանքների կազմակերպման սկզբունքներին վերաբերող հարցադրումներին
կոմիտեի նախագահը ապագայում կանդրադառնա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: