Ինչպե՞ս ամռանը խուսափել աղիքային վարակներից. պարզաբանում է մասնագետը
Ամռանը աղիքային հիվանդությունների սրացման համար ամենաբնորոշ եղանակն է: Ամռանը դրանք իրենց զարգացման և տարածման գագաթնակետին են հասնում:
«Այս ամենի պատճառն առատ բանջարեղենի և մրգի օգտագործումն է՝ առանց պատշաճ լվանալու, նաև պատահական վայրերից կաթնամթերքի գնումն ու գյուղերում տնական կաթի և պանրի օգտագործումն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ (հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Ըստ բանախոսի՝ վարակներից խուսափելու նախապայմանը անձնական հիգիենան պահպանելն է: Մեր շրջակա միջավայրը ստերիլ չէ, ուստի անհրաժեշտ է տուն մտելուն պես լվանալ ձեռքերը: Բանջարեղենն ու միրգը ևս պետք է համապատասխան լվանալ: ՀՎԿԱԿ ներկայացուցիչը խորհուրդ է տալիս դրանք լվանալ ոչ թե պարզապես թռչելու համար, այլ լվանալ հոսող ջրի տակ մի քանի րոպե:
«Շոգին պետք է խուսափել նաև կրեմային հրուշակեղենից և արագ պատրաստվող մսամթերքից: Կրեմային հրուշակեղեններում կան բոլոր նպաստավոր պայմանները աղիքային վարակների համար, քանի որ դրանք՝ մեկ-երկու ժամ սառնարանում չպահելու հետևանքով, կարող են դառնալ վարակման պատճառ: Բացի այդ, պետք է զգուշանալ գյուղերում թարմ, ոչ թերմիկ մշակման ենթարկված կաթ խմելուց: Թարմ կաթը բոլորվին էլ օգտակար չէ, ինչպես մենք ենք կարծում»,-հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է վարակների թվին, ապա ըստ տիկին Թորոսյանի՝ դրանք նվազել են նախորդ տարիների համեմատ, մինչդեռ ինքազգացողության վատացման դեպքում բանախոսը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի:
Վարդուհի Ստեփանյան