Հոլանդիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց. Ավստրալիա-Հոլանդիա` 2:3
Պորտու-Ալեգրիի «Բեյրա-Ռիո» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի' Ավստրալիա-Հոլանդիա հանդիպումը: Լարված խաղում Լուի վան Գալի սաները 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին և ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակչում: Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային խաղում Հոլանդիայի հավաքականը 5:1 հաշվցով ջախջախել էր Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիային:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Արյեն Ռոբենը, սակայն հոլանդացիների ուրախությունը շատ կարճ տևեց. ընդամենը 1 րոպե անց Թիմ Կեյհիլը վերականգնեց հաշվի հավասարությունը' դառնալով հիանալի գոլի հեղինակ: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսն առավել գոլառատ ստացվեց:
54-րդ րոպեին Դարիլ Յանմատը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և գլխավոր մրցավար Ջամել Այմուդին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Յեդինակը: Հոլանդիայի հավաքականին հաջողվեց արագ պատասխան տալ. 4 րոպե անց Ռոբին վան Պերսին հաշիվը դարձրեց 2:2: Այս հաշվի պայմաններում ավստրալացիներն աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ ունեցան, սակայն չօգտագործեցին դրանք, և գործեց ֆուտբոլում չգրված օրենքը' «Դու չես խփում, քեզ են խփում»: 68-րդ րոպեին հանդիպման հաղթական գոլը խփեց Մեմֆիս Դեպայը:
Ավստրալիա-Հոլանդիա' 2:3
Գոլերը' Ռոբեն 20 (0:1), Կեյհիլ 21 (1:1), Յեդինակ 54 (2:1, 11 մետրանոց), Ռոբին վան Պերսի 58 (2:2), Դեպայ 68 (2:3)