Ինչո՞վ է վտանգավոր արգանդի վզիկի էրոզիան
Արգանդի վզիկի հեշտոցային հատվածի ամբողջականության խախտումը կամ էպիթելային ծածկույթի փոփոխությունն իրենից ներկայացնում է արգանդի վզիկի լորձենախախտ: Այն կարող է լինել նաև բնածին: Ապագա մայրերը, որոնց ախտորոշել են այս հիվանդությունը, անհանգստանում են ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության պատճառով:
Արգանդի վզիկի լորձենախախտը հաճախ կապված է սեռական օրգանների այն բորբոքումների հետ, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթը գրգռող և փխրունացնող արտադրությամբ (օրինակ' արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքում, հեշտոցաբորբ, արգանդի հավելումների բորբոքում և այլն): Լորձենախախտը կարող է առաջանալ նաև ծննդաբերության և վիժումների ժամանակ արգանդի վզիկի լորձաթաղանթի վնասման ժամանակ, ինչպես նաև հորմոնային խանգարումների դեպքերում:
Եթե հայելու օգնությամբ զննենք, ապա արգանդի վզիկի բացվածքի շուրջ կնկատվեն վառ կարմիր հատվածներ: Հիվանդությունը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ առանց զգացնել տալու և կինը բժշկի չդիմի: Սակայն երկարատև չբուժված լորձենախախտը կարող է չարորակ ուռուցքի առաջացման պատճառ դառնալ:
Որքան վաղ հայտնաբերվի արգանդի վզիկի լորձենախախտը, այնքան դյուրին և արագ կբուժվի: Հիվանդության կանխարգելման համար կարևոր են կանխարգելիչ զննումները: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կին տարին 2 անգամ դիմի գինեկոլոգի: Շատ կարևոր է նաև սեռական օրգանների բորբոքումների, ինչպես նաև ծննդաբերության կամ վիժման ժամանակ առաջացած վնասվածքների բուժումը: