CNN գործակալությունն անդրադարձել է Օբամային, ով երեկ կրկին Ցեղասպանության բառի փոխարեն օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը
Իր նախագահության 6 տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դրժեց իր խոստումը, որը նա տվել էր ԱՄՆ-ի հայ համայնքին սենատոր լինելու ժամանակ, որ եթե ընտրվի նախագահ, ապա անպայման կընդունի Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Դա տխուր տեսարան է տեսնել մեր նախագահին, ով խոսք էր տվել իր նախագահության ընթացքում ընդունել Հայոց Ցեղասպանությունը, սակայն մինչ այժմ չի պահպանում իր խոստումը»,- այս մասին ասել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը:
«Մենք կրկին հիասթափվել ենք, որ նա հերթական անգամ դրժեց իր խոստումը և զուրկ է նախկին նախագահների սկզբունքային դիրքորոշումից»,- հավելել է Արամ Համբարյան:
«Ամերիկան արժանի է այնպիսի ղեկավարի, ով արդարացիորեն կխոսի Հայոց Ցեղասպանության մասին։ Վստահ եմ, որ ես եմ այդ ղեկավարը»,- մեջբերում է հոդվածագիրն Օբամայի՝ նախկինում հնչեցված խոսքերը։
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում հերթական անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը՝ խուսափելով «Ցեղասպանություն» բառից: