Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը Հայաստանը՝ որպես պետություն, նշում է ավելի թուլացած, քան անցած տարի
«168 ժամ» թերը գրում է. «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը Հայաստանը՝ որպես պետություն, նշում է ավելի թուլացած, քան անցած, նախանցած, դրան նախորդած տարիներին։ Այսօր ու այսօրվան հաջորդող 364 օրերին մենք աշխարհից ակնկալելու, Թուրքիայից պահանջելու ենք ճանաչել անցած դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ամեն տարի, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալուն առավել ևս՝ մենք դա անում ենք ավելի մեծ պաթոսով ու ավելի ողբերգականորեն։ Պահանջում ենք, ավելի շատ, պահանջելու համար: Քանի որ տարվա մնացած բոլոր օրերին ամեն ինչ անում ենք Հայաստանն ինքնիշխան, կայացած, հզոր, այսինքն՝ իրականում պահանջատեր պետություն դարձնելու հեռանկարը խորտակելու համար: Իշխանությունները դա անում են ի պաշտոնե, գործնականում, ընդդիմությունը նույնն անում է կրկին ի պաշտոնե՝ ապահովելով, որպեսզի իշխանությունը դա անի հնարավորինս անշրջելի, հասարակությունը նույնն անում է՝ իշխանության ու ընդդիմության արածի նկատմամբ անտարբերությամբ:
Որպես կանոն՝ արտագաղթելով ու համալրելով մոտակա ու հեռավոր Սփյուռքի ներկայացուցիչների շարքերը, ովքեր ապրիլի 24-ը հիշում են առանձնակի հուզականությամբ ու անասելի հառաչանքով: Մենք ամեն օր կործանում ենք պետությունը՝ ինքնիշխան ու անկախ պետությունը, տարվա մեջ այս օրն ավելի բարձր գոռալու համար մեր արդարացի, սակայն միայն ուժեղ պետության կողմից ներկայացվելիք պահանջի մասին՝ հասկանալով կամ չհասկանալով, կամ հասկանալով, բայց չհասկանալու տալով, որ որքան ավելի բարձր է հնչում պետությունից հրաժարվողի ու պետության բռնազավթողի դեմ չպայքարողի մեր ձայնը, այնքան ավելի է այն խլանում համաշխարհային քաղաքականության ականջներում:
Առավել մանրամասն` «168 ժամ» թերթի այսօրվա համարում: