Բոլիվիայի նախագահը զինվորականներին թույլ է տվել հարվածել թմրանյութ փոխադրող օդանավերին
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ստորագրել է օրենք, որով զինվորականներին թույլ է տրվում հարվածել երկրի տարածքով թռչող օդանավերին, որոնք հանցագործների կողմից կիրառվում են թմրանյութերի փոխադրման համար: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը:
Փոխանցվում է, որ մինչ օրս Բոլիվիան եղել է տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ չի եղել օդային տարածքի անվտանգությունը երաշխավորող օրենք: Պետության ղեկավարը նշել է, որ երկրի որոշ հատվածներում թմրավաճառներն անպատիժ կիրառում են փոքր օդանավեր՝ իրենց բեռների տեղափոխման համար:
Բոլիվիայի նախագահը նշել է, որ օդային տարածքի պաշտպանության համար երկիրը ռադարների կարիք ունի:
«Շնորհիվ այդ օրենքի՝ այժմ մենք կունենանք գործիք, որը թույլ կտա բարելավել պայքարը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ»,- ասել է Մորալեսը: