Վարչապետը չի ցանկանում աշխատել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ. վերջինս մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներին փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել։ Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել։ Հիշեցնենք, որ 2012 թ. Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Էդգար Ղազարյանի միջև Մարզպետը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու։ Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն հետևից կգան, դեմը կկանգնեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»։ Ծառուկյանն էլ հակադարձել էր. «... ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել։ Այս ըթնացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է՝ «ծիրանի ցոգոլ»։ Հնարավոր է՝ Հ. Աբրահամյանի որոշումը պայմանավորված է հենց այս «խնամիական» հանգամանքով»։
Առավել մանրամասն' «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: