«Հայկական ուժեր» հանցախմբի պարագլխին ԱՄՆ-ում 973 տարվա ազատազրկում է սպառնում
Լոս Անջելեսի դաշնային դատարանում 38-ամյա Մհեր Դարբինյանի գործով լսումներն ավարտվել են : Մեղադրյալին սպառնում է 973 տարվա ազատազրկում: Նա մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետերով (կազմակերպված հանցավոր գործունեության և դրամաշորթության մասնակցելու շուրջ նախնական պայմանավորվածություն, բանկային կրեդիտ քարտերի հետ կապված մեքենայությունների իրականացում, անձնական տվյալների գողություն և հրազենային զենքի տիրապետում), ինչը հատկապես նրան արգելված էր` նախկին դատվածությունների պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես ասվում է Կալիֆորնիայի Կենտրոնական օկրուգի դատախազության տարածած հաղորդագորության մեջ` Դարբինյանը, գտնվելով բանտում, մեքսիկական մաֆիայի անդամների հետ համատեղ հանցավոր գործունեության է մասնակցել:
«Կապոնե», «Կեպս» և «Հոլիվուդյան Մայք». ահա այսպես էին անվանում նրան, ով հանդիսանում էր 200-250 անդամ ունցող «Հայկական ուժ» հանցագործ խմբավորման պարագլուխ: Վերջիններս Հայաստանից ներգաղթածներ էին:
2011 թվականին իշխանությունները մոտ 100 անդամի դեմ քրեական գործ հարուցեցին: Վերջիններս մեղադրվում էին մեքենայությունների, գողությունների, անօրինական գործարքներ կատարելու, ինչպես նաև տարատեսակ մեքենայությունների մեջ` կապված թմրանյութերի հետ:
Դատախազության համոզմամբ` դա ԱՄՆ-ի պատմության ընթացքում նման կարգի ամենախոշոր գործն է եղել: Դատապարտվել էր 85 մեղադրյալ: Երիտասարդ հայերը զանազան դաջվածքներ էին անում, կրում տարօրինակ շորեր, որոնք հիմնականում պատռված էին: 2011 թվականին ամերիկյան «Արարատ» թերթը գրում էր, որ նրանք մարդկանց առևանգում , թալանում էին: