ԵՊՀ-ի անվտանգության աշխատակիցներին կստիպեն պահնորդական ծառայության սերտիֆիկատ ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ի անվտանգության աշխատակիցներին զգուշացվել է, որ ապրիլի 28-ից նրանք ստիպված են լինելու ստանալ համապատասխան ԼԵԳԻՈՆ պահնորդական ծառայության սերտիֆիկատ։ Այն ստանալու համար հարկավոր են մի շարք պարտադիր թղթեր, ներառյալ՝ բժշկական տեղեկանքներ և դատվածության մասին փաստաթուղթ, սա լիցենզավորում ստանալու առաջին փուլն է, երկրորդը վերապատրաստումն է՝ 25 հազար դրամ վճարի դիմաց։ Հետո արդեն որոշումը՝ նախկինի պե՞ս կաշխատեն, թե՞՝ ոչ։
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի խոսքով, լիցենզիա տրամադրելու իմաստը աշխտանքի որակի բարձրացումն է․ «Պահակներից շատերը սիրում են պահակակետում ննջել, անծանոթ մարդկանց ներս թողնել, ովքեր դասապրոցեսը խանգարում են. այս ամենը փոխելու միակ ճանապարհը վերպատրաստման դասընթացներին մասնակցելն է»,-պարզաբանեց Ղարիբյանը։ Նոր փոփոխության իմաստը Ղարիբյանը բացատրում է հետևյալ կերպ. «Պահակը պետք է տիրապետի նոր տեխնոլոգիաներին, իմանա, թե ինչպես են օգտվում ռացիաներից, տեսախցիկներից»։
Անվտանգությունը նոր ընկերությանը վստահելու արդյունքում գործազուրկ են դառնալու անվտանգության մոտ 70 աշխատակիցներ, ովքեր այսօր իրենց ցածր աշխատավարձով ընտանիք են պահում։ Ալիկ Ղարիբյանը վստահեցնում է, որ նման բան չկա իրենց մոտ, աշխատանքից որևէ մեկը չի զրկվի»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։