Սիբիրցի «Կոպեկային միլիոնատերը» ցանկանում է ամուսնանալ Լյուդմիլա Պուտինայի հետ
Նովոսիբիրսկից թոշակառու Յուրի Բաբինը, որն ավելի շատ հայտնի է` որպես «կոպեկային միլիոնատեր», РИА Новости-ին հայտնել է, որ ցանկանում է իր սիրտն ու ձեռքը առաջարկել ՌԴ նախագահի նախկին տիկնոջը՝ Լյուդմիլա Պուտինային:
Հինգշաբթի ՌԴ նախագահը, ռուսների հետ ուղիղ եթերում ամենամյա ավանդական հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե երբ Ռուսաստանը կտեսնի նոր առաջին տիկնոջը, ասել էր, որ նախ պետք է ամուսնացնի իր առաջին կնոջը, ապա նոր մտածի իր մասին:
«Ես 2008 թ. ազատ եմ և ցանկանում եմ իմ սիրտը և ձեռքը առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Ես դրա մասին դեռ մտածում էի երկու ամիս առաջ, սակայն երեկ Վլադիմիր Պուտինը ինձ ևս մեկ անգամ մտածել տվեց: Հուսով եմ՝ երազանքս կիրականանա»,- ասել է Բաբինը՝ նշելով, որ ինքը Պուտինի հասակակիցն է:
Պատասխանելով հարցին, թե ինչ եղանակով է նա պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել է, որ հուսով է՝ նա իր մտադրությունների մասին կիմանա ԶԼՄ-ներից: