Ի՞նչ են պատրաստվում Մոսկվայում ստորագրել ՀՀ իշխանությունները
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորhրդի նիստ է գումարվելու, եւ դրա ընթացքում Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթ է ստորագրելու: Թե որ քաղաքում նիստ կգումարվի, և կգումարվի՞ արդյոք' մեծ հարց է: Մոսկվան այս օրերին 24 ժամում 48 սուտ է ասում: Բայց, դիցուք, Մաքսային եռյակը հավաքվեց: Հայաստանն այդտեղ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու: Դա ձևով և բովանդակությամբ լինելու է տեղեկա՞նք, պարտավորագի՞ր, հրամանագի՞ր, թե՞ պայմանագիր: Մինչ այժմ խոսվում էր Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» մասին, որը երկու-երեք հարյուր կետից բաղկացած միջոցառումների ցանկ էր: Համարյա բոլոր կետերը նախատեսում էին կամ ջուր ծեծել, կամ թուղթ մրոտել, ինչի արդյունքում էլ ամիսները գլորվեցին, քարոզչական դատարկախոսությունն ապահովվեց, բայց որեւէ փոփոխություն կյանքի չկոչվեց: Այս ողջ իմիտացիան, սակայն, պտտվում էր նրա շուրջ, որ «ճանապարհային քարտեզն» իրականացնելուց հետո, վերջապես, բնության մեջ առաջին անգամ կստեղծվի Մաքսային միություն կոչվող խառնաշփոթին միանալու պայմանագիր: Հիմա կա՞ այդ պայմանագրի նախագիծը: Դրա ստեղծման աշխատանքը ե՞րբ սկսվեց, ե՞րբ ավարտվեց: Քանի էջ է այդ պայմանագիրը, քանի բաժին ունի, ինչ իրավունքներ և պարտավորություններ է ենթադրում, ովքեր են դա ստորագրելու, ինչ ընթացակարգով, ում կողմից և երբ է վավերացվելու: Վահրամ Ավանեսյանը կամ դեռ չկազմավորված կառավարության մեկ այլ անդամ կարո՞ղ է այս հարցերին պատասխանել: Եթե ոչ, ապա ՀՀ իշխանություններն ի՞նչ են պատրաստվում Մոսկվայում ստորագրել: Թե՞ ուղղակի, սովորության համաձայն, դատարկախոսում են:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: