Անտուն մնացած բնակիչների պահանջը շուտափույթ լուծում կստանա (տեսանյութ և լուսանկարներ)
ՀասարակությունԱպրիլի 17-ին հերթական անգամ Կառավարության շենքի առաջ իրենց բողոքներով հանդես եկան ՀՀ քաղաքացիները:
Ի պատասխան բողոքականների կանչերին` ժողովրդի հետ հանդիպման իջավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Բնակարանների խնդիր ունեցող քաղաքացիները այս անգամ վճռական էին տրամադրված, և պահանջում էին շուտափույթ վերադարձնել իրենց տները, հակառակ դեպքում` կգրոհեն կառավարության շենքը:
«Արդեն 6 տարի է` առանց բնակարանի եք թողել, թալանեցիք, կերաք մեզ, ինչքա՞ն կարելի է սպասել»,- գոռում էր հավաքվածներից մեկը:
Ալեքսանդր Ղազարյանը լսեց բոլորին, և խոստացավ ամենաարագ ժամկետում լուծում տալ հարցին, սակայն բողոքականները չհավատացին, ասելով, որ արդեն 6 տարի է` նույն պատասխանն են ստանում, բայց ոչինչ էլ չի փոխվում :
«Արդեն երկու ամիս է` վարձերն էլ չեն տալիս, տները վերցրին, խոստացան վարձեր տրամադրել, բայց հիմա էլ դա են ուշացնում»,- ավելացրին հավաքված կանայք:
Ալեքսանդր Ղազարյանը շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Ասրիյանի հետ կարճատև քննարկումից հետո հայտարարեց, որ վարձերը կտրամադրվեն 1 շաբաթվա ընթացքում, իսկ բնակարանների հարցը կլուծվի շատ շուտով :
Operativ.am-ի թղթակցի հարցին, թե որ հարցերը հատկապես կարճ ժամանակում լուծում կստանան, և ինչով է դա պայմանավորված, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը պատասխանեց.
«Շուտափույթ կերպով բոլոր հարցերին լուծում կտրվի, ավելի վաղ, քան կարծում են : Դա պայմանավորված է նորանշանակ վարչապետով»:
Նույնիսկ այս որոշումը չհանգստացրեց բողոքականներին, քանի որ նրանք այլևս չեն հավատում և ոչ մի խոսքի, սակայն, չգիտես ինչու, շարունակում են դիմում խնդրանքով հանդես գալ:
Կարինե Գևորգյան