Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի և նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին
«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ։ Հատված հարցազրույցից.
-Տիկին դեսպան, վստահ եմ' հետևում եք հայաստանյան վերջին իրադարձություններին. նկատի ունեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը և Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ում հետ սերտորեն համագործակցել եք իր պաշտոնավարման ժամանակ: Համաձայն որոշ տեղական փորձագետների' Տիգրան Սարգսյանը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից, քանի որ ընդգծված դիրքորոշում է ունեցել ԵՄ ասոցացման հարցում:
Մեր տեսակետից, Արևմուտքի տեսակետից, բավական երկար ժամանակ է վեց տարի լինել վարչապետի պաշտոնում: Ենթադրում եմ, որ մի շարք' թե՛ քաղաքական, թե՛ անձնական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք թելադրեցին, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իհարկե, վարչապետ Սարգսյանը ԵՄ հետ Հայաստանի ասոցացման բանակցությունների մեծ ջատագովն է եղել:
-Չնայած սեպտեմբերի 3-ին որոշվեց դադարեցնել այդ բանակցությունները, եւ այժմ նա Մաքսային միության ջատագովն էր:
Մեզ համար դժվար է հասկանալ այդ որոշման փոփոխությունը: Գիտեմ, որ ԵՄ մեր գործընկերները գնահատում էին նրա մոտեցումը ԵՄ հետ Հայաստանի բանակցություններում եւ իրեն համարում կառուցողական գործիչ: Ես նրան ցանկանում եմ հաջողություն իր հետագա գործունեության մեջ, որտեղ էլ որ նա շարունակի իր աշխատանքը:
-Ըստ Ձեզ' որո՞նք պետք է լինեն նորանշանակ վարչապետի գործունեության առաջնահերթությունները:
Կարծում եմ, որ նախագահ Սարգսյանն ինքը շեշտել է, որ դրանք տնտեսական խնդիրներն են: Պետք է ապահովել տնտեսական աճ: Կան տեխնիկական հարցեր' կապված Մաքսային միության անդամակցության հետ, Սահմանադրական դատարանի որոշման հետ' կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված: Վարչապետի հրաժարականից հետո նախագահ Սարգսյանի դիտարկումներում ինձ ուրախացրեց թարմ տեսլականի կարևորությունը եւ մի կառավարության ձևավորումը, որին կվստահի ժողովուրդը: Կարծում եմ' դա շատ կարևոր ուղերձ էր, և հույս ունեմ, որ նոր վարչապետի և նախարարների նոր կաբինետի համար, որը նա կձևավորի, սա ևս կլինի առաջնային խնդիր»:
Առավել մանրամասն' «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: