Շումախերի կինը նրա համար 10 մլն ֆունտ արժողությամբ բուժկետ կկառուցի
Գերմանացի հայտնի ավտոմրցարշավորդ Միխայիլ Շումախերի կինը նրա համար կկառուցի 10 միլիոն ֆունտ արժողությամբ լիարժեքորեն սարքավորված բուժկետ : Այս մասին հայտնում են բրիտանական թերթերը:
Բուժկետը կկառուցվի Շումախերների ընտանեկան առանձնատանը, որ գտնվում է Շվեյցարիայում՝ Ժնևյան լճի ափին: Կորիննան՝ Շումախերի կինը, բուժկետի կառուցման համար կծախսի ընտանիքի կարողության մի մասը, որը գնահատվում է 500 մլն ֆունտ: ընտանիքի մոտ ընկերոջ խոսքերով՝ անգամ եթե Ֆորմուլա-1-ի լեգենդը ողջ մնա, նա, հավանաբար, կկորցնի տեղաշարժվելու ընդունակությունը:
Շումախերը ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ Ֆրանսիայում զբաղվում էր լեռնադահուկային սպորտով: Համաձայն բժիշկների կանխատեսումների՝ եթե Շումախերը ողջ մնա, ուղեղի վնասվածքի հետևանքները կհետապնդեն նրան ամբողջ կյանքի ընթացքում: