Շարմազանովը մեծամտացել է
Լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանը, ով ծնունդով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայրենի քաղաքից՝ Ալավերդիից է և փոքրուց ճանաչում է նրան, galatv.am-ի հետ զրույցում անդրադառնալով Է. Շարմազանովի՝ այսօր ԱԺ-ում արած հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանը ուզեք, թե չուզեք բոլորի նախագահն է», ասաց. «Անկեղծ ասած՝ Շարմազանովի ասածների հետ ես համամիտ եմ, որովհետև գոյություն ունի դե ֆակտո և դե յուրե, նա, փաստացի, արդեն 5 տարի նստած է որպես մեր երկրի նախագահ, անկախ նրանից' մենք հարգո՞ւմ ենք աշխատանքը, թե՞ ոչ, անկախ նրանից, որ մեր երկրի վիճակը ողբերգական է, այնուամենայնիվ էդ մարդը նստած է ՀՀ նախագահի աթոռին: Ուրեմն նա մեր նախագահն է: Մեղավորը նա չէ, ոչ էլ Շարմազանովը, այլ մենք, որ մեր լուռ գոյատևմամբ հանդուրժում ու լեգիտիմացնում ենք նրա գոյությունը ՀՀ նախագահի աթոռի վրա»:
Համլետ Մոսինյանը ասաց նաև, որ ինքը Է. Շարմազանովին շատ լավ է ճանաչում դեռ մանկուց և ափսոսում է, որ շրջապատն ու կյանքը նրան այդչափ խեղել են, որ նման մեծամիտ հայտարարություններ է անում:
«Ծնունդով Ալավերդիից է, ազգությամբ' հույն: Ավելի ճիշտ՝ հորական կողմով է հույն, իսկ մայրը հայուհի է: Ինքը, ես ասեմ, մանկավարժների ընտանիքում ծնված, դպրոցում եւ բուհում լավ սովորած տղա է: Լավ սովորելով եւ գրագիտությամբ աչքի ընկավ, հանգուցյալ վարչապետ Մարգարյանը իրան վերցրեց իրա խորհրդական, հետո նրան նույնիսկ ուղարկեցին, որ Ալավերդու քաղաքապետի ընտրությանը մասնակցի և ինքը պարտվեց, չնայած, որ իրա կողքին կանգնած էր ՀՀ վարչապետը, չկարողացավ հաղթել, բայց հաղթեց Արթուր Նալբանդյանը, ով ներկայումս Լոռու մարզպետն է»:
Համլետ Մոսինյանի դիտարկմամբ' հայրենի քաղաքում պարտվելուց հետո, Է. Շարմազանովը նեղացել է Ալավերդուց եւ ոչ մի դրական քայլ չի արել հայրենի քաղաքի համար:
«Ինքը դրանից վիրավորվեց ալավերդցիներից, դրանից հետո որեւէ տեղեկություն չունեմ, թե Ալավերդու համար որեւէ լուրջ բան է արել: Ինչպես Վազգեն Խաչիկյանին մեր լոռեցի, շրջապատը նրան ևս խեղեց: Եթե վատ բաներ չասեմ, պտի ասեմ՝ խեղեց, անպատիժ զգացին: Տեսնում եք՝ Խաչիկյանը հիմա որտեղ ա, շրջապատը, կուսակցությունը և պաշտոնը մարդկանց խեղաթյուրեց: Ես ափսոսում եմ, որ մարդը, որը գրել է «Նժդեհը և կրթությունը» թեմայով դիսերտացիա, գիտի, որ իրա հայրենի Ալավերդիում Հյուսիսային համալսարանի ռեկտորը մասնագիտություն և բարձրագույն կրթություն չունի եւ, լինելով ՀՀԿ փոխնախագահ, ոչինչ չի անում»:
Համլետ Մոսինյանը հատուկ գրավոր մի քանի անգամ դիմել է Է. Շարմազանովին այդ խնդրով՝ դժգոհելով, որ Ալավերդու համալսարանի ռեկտորը, որի ձեռքի տակ աշխատում են դոկտոր-պրոֆեսորներ, ոչ մի մասնագիտություն չունի:
«Խայտառակ փաստ է' դոկտոր- պրոֆեսորին ղեկավարում է մասնագիտություն չունեցող, բարձրագույն չունեցող մարդը: Ու նա քո հայրենի քաղաքի համալսարանի ղեկավարն է, էլ ի՞նչ «Նժդեհը և կրթությունը»: Ես գրեցի այս մասին, տեղյակ պահեցի, նա արհամարհեց: Հիմա անգամ ցանկություն չունեմ նրա հետ հանդիպելու, վիրավորված եմ, որ անտարբեր է իր ծննդավայրի նկատմամբ, որտեղ իրա ծնողները մեծ հարգանք էին վայելում, հայրը շատ լավ մարդ էր, ափսոս, որ մահացավ, մայրը մանկապարտեզի վարիչ է, իսկ ինքը եթե ամենամեղմ բառերով ասեմ՝ մեծամտացել է: Իրա մորը շատ եմ հարգում: Բացի համալսարանից, ավագի իրավունքով իրան գրել եմ, որ իր պաշտոնավարման ժամանակ Ալավերդու պատկերասրահը և կինոթատրոնը վաճառվում է, ոչ մի բանով հասարակությանը չօժանդակեց, չօգնեց, և չխանգարեց էդ վաճառքներին»:
Քրիստինա Մկրտչյան