Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Հանրաքվեի ինստիտուտն ունի Սահմանադրական կարգավորում: Սահմանադրությունը կարգավորում է այն հարցերը, որոնք պետք է դրվեն հանրաքվեի, բայց նաև կա պարտադիր հանրաքվեի գործածությունը՝ մասնավորապես տարածքային զիջումներ ենթադրող կամ միջազգային կազմակերպություններին անդամակցելու կամ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը պետք է դրվեն պարտադիր հանրաքվեի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
«Հիմնականում իրավունքի գերակայության սկզբունքի խախտումը կոշտ արձագանքի է արժանանում եվրոպական երկրների կողմից, բայց գործող իշխանություններըը վայելում են նրանց անվերապահ քաղաքական իշխանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ոսկեպար այցի ժամանակ հնչեցրած արտահայտությանն այն մասին, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը՝ Սահակյանն ընդգծեց, որ մեծամասամբ այստեղ քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը գնում, չբացառելով նաև քաղաքացիական և քրեաիրավական կողմերն այց հարցի:
«Իրավական պատասխանատվության ձևերն այս փուլում գործնականում չեն կարող արդյունավետ լինել, քանի որ դատական իշխանությունը ենթարկվում է գործադիր իշխանության ճնշումներին»,- ընդգծեց Սահակյանը:
Տարածքների մասին խոսելիս՝ մենք պետք է հասկանանք՝ որ պետությանն է պատկանում տվյալ տարածքի համար տիտղոսը: Եթե ՀՀ ղեկավարը ցանկանում է վերադարձնել Ադրբեջանին այդ տարածքը, ապա գոնե պետք է բացատրի թե Ադրբեջանն ինչպիսի տիտղոս և իրավունքներ ունի այդ տարածքի նկատմամբ, երբ են դրանք ծագել և ինչ հիմքով: Պետք է ցուցադրել իրավունքի հիմքերը, իսկ այստեղ շատ առարկայական քննարկումներ են տեղի ունենում, բացատրություններ չեն տրվում և չեն կարող տրվել: Քաղաքական ճնշումների ներքո զիջումների գնացող իշխանությունը պարզապես անհեթեթ մեկնաբանություններ է տալիս: