Ձեռքերի մաշկը անընդհատ քչփորելը կարող է լինել հոգեկան խանգարման դրսևորում
Քլիվլենդի կլինիկայի մասնագետների կարծիքով՝ ձեռքերի մաշկը քչփորելու սովորությունը կապված է ՕԿԽ-ի` օբսեսիվ-կոմպուլսիվ հոգեկան խանգարման հետ: Դրան բնորոշ են կպչուն մտքերը, պատկերները կամ գաղափարները (օբսեսիաներ) և կրկնվող գործողությունները (կոմպուլսիաներ): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ձեռքերի մաշկը քչփորելու սովորությունը կոչվում է նաև դերմատիլոմանիա: Այն համարվում է հոգեկան առողջության խանգարման ձև, որն ազդում է բոլոր տարիքի և ծագման մարդկանց վրա: Այն բնութագրվում է նրանով, որ հիվանդները ունենում են կրկնվող անցանկալի մտքեր կամ զգացողություններ, որոնք ստիպում են նրանց որոշակի պարբերականությամբ ինչ-որ գործողություն անել: Սակայն ոչ միշտ է, որ մաշկը քչփորելը կապված է կպչուն մտքերի ու հոգեկան խանգարման հետ։
Համաձայն ՕԿԽ միջազգային հիմնադրամի՝ այս սովորությունը կարող է մարդկանց ավելի խոցելի դարձնել պոտենցիալ լուրջ վարակների նկատմամբ և բացասաբար անդրադառնալ նրանց աշխատանքի և սոցիալական կյանքի վրա: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս կպչուն վարքագիծը հիմնականում դրսևորվում է կանանց մոտ ու նաև այն տղամարդկանց, ովքեր հակված են տագնապի։
Բուժումը սովորաբար ներառում է կոգնիտիվ վարքային թերապիա և որոշակի հակադեպրեսանտներ, որոնք օգտագործվում են անհանգստության խանգարումների բուժման համար:
Աղբյուր` Փաստինֆո