Նյու Ջերսին կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի դեմոկրատ սենատոր Էնդրյու Ցվիքերը նոյեմբերի 30-ին ներկայացրել է N4107 օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների և առաջին հերթին հայտնի տնտեսագետ Ղուբադ Իբադօղլուի ձերբակալության պատճառով։
Օրինագիծն արդեն ներառվել է նահանգի Սենատի օրացույցում:
Օրինագծում ասվում է, որ Նյու Ջերսի նահանգը «խորապես մտահոգված է» Ադրբեջանում ձերբակալված դոկտոր Գուբադ Իբադօղլուի վիճակով և իրավունքներով։
«Հաշվի առնելով, որ Նյու Ջերսիի օրենսդրությունն արգելում է կառավարական հարաբերություններ այլ երկրների հետ, որտեղ կան մարդու իրավունքների խախտումներ, ապա պետության շահերից է բխում նմանատիպ քաղաքականություն վարել Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է օրինագծում։
Օրինագծի ընդունման դեպքում կարգելվեն պետական գործարքները ձեռնարկությունների հետ, որոնք կապված են Ադրբեջանի հետ։