Մեզ՝ հայերիս էլ այժմ մի Նելսոն Մանդելա է հարկավոր
«Հրապարակ» թերթի խմբագրականում գրված է.
Մարդկությունն իր պատմության ընթացքում անհատականություններ շատ է տվել, բայց մարդիկ, ովքեր մարդկային տեսակի մտածողությունն են փոխել և անջնջելի հետք թողել մեր կյանքում, շատ չեն: Մի կյանքի ընթացքում մի քանի կյանք ապրած և մի քանի սերնդի մտածողության մեջ հեղափոխություն արած անհատականություն էր Նելսոն Մանդելան, ով նախօրեին, կյանքի 95-րդ տարում հեռացավ այս կյանքից:
Ռասիզմի դեմ պայքարը մարդկության պատմության մեջ ամենամեծ հեղափոխություններից էր, քանզի դա հեղափոխություն էր ոչ միայն մարդկային փոխհարաբերությունների ոլորտում, այլև մարդկային մտածողության, երբ մարդն սկսում է հանդուրժել իրենից տարբերվող տեսակին, նրան սկսում է դիտել իրեն հավասար՝ անկախ ամեն ինչից:
Թերևս, մեզ՝ հայերիս էլ այժմ մի Նելսոն Մանդելա է հարկավոր: Մարդ, ով կկոտրեր մեզանում եղած անհանդուրժողականությունը մեզանից տարբերվող տեսակի նկատմամբ: Անկախ նրանից՝ այդ տեսակն այլազգի է, այլադավ, թե սեռական այլ կողմնորոշման:
27 երկարուձիգ տարիներ իր հայացքների համար բանտում անցկացրած Մանդելան ոչ միայն երկար ու, մեծ հաշվով, երջանիկ կյանք է ապրել, քանի որ տեսել է իր երազանքներն իրականություն դարձած, իր անձը՝ գնահատված եւ իր գաղափարները՝ հաղթանակած, այլև կարողացել է այդ դժվարին կյանքի ընթացքում չչարանալ, չկորցնել իմաստնությունը:
Մահից ընդամենը 2 ամիս առաջ իր առողջական վիճակի մասին հարցուփորձերին նա պատասխանել է. «Ես հիվանդ չեմ, ես ուղղակի ծեր եմ»: Իսկ պայքարը, որն ուղեկցում է գիտակից մարդուն ողջ կյանքի ընթացքում, Մանդելայի կարծիքով, բնականոն գոյավիճակ է:
«Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է բարձրանալ իր ամեն մի անկումից հետո»,- ասում էր Նելսոն Մանդելան: