Վրացական գինեգործության մեթոդը և ճապոնական խոհանոցը մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկի մեջ (լուսանկարներ)
Վրացական ավանդական մեթոդը՝ գինի պատրաստել մեծ կավե կուժերում (որոնք կոչվում են կվևրի), ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստում շնորհվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով "Новости-Грузия" գործակալությանը:
«Կվևրիի ներառումն այս ցուցակում կօգնի, որպեսզի այն ճանաչում գտնի միջազգային շուկայում»,- նշվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի հայտնել էին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունից, գինու պատրաստումը կվևրի մեջ, չունի իր նախատիպն աշխարհում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառվել է նաև ճապոնական ազգային խոհանոցը: Ավելի վաղ այս ցուցակում ներառվել էին ճապոնական «Նո», «Կաբուկի» թատրոնները, գործվածքի պատրաստման տեխնիկան և այլն: