Կնոջը շահագործել ու չեն վճարել
Էջմիածնի բնակիչ Ռիտա Մկրտչյանն իրեն շահագործված ու խաբված է զգում: Ասում է՝ Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի ղեկավար Հասմիկ Մելքոնյանն իրեն երկու տարի աշխատեցրել, ապա գրադարանի լուծարման հիմքով աշխատանքից ազատել է ու 10 ամսվա աշխատավարձը չի վճարել: «Ասացին՝ չենք հեռացնում, ուղղակի դուրս եք մնում, մի թուղթ էլ տվեցին, որ ստորագրեմ, հրաժարվեցի»,- պատմում է տիկին Ռիտան:
Նա հավաքարար է եղել. թեեւ հրամանագրվել է գրադարանում աշխատելու համար, զուգահեռ մաքրել է նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը: «Տարածքով իրար մոտ են, տնօրենն ասում էր, որ գնամ մաքրեմ, ես էլ անում էի: Դա էլ դեռ քիչ էր, մի 10 օր էլ թիվ 1 երաժշտական դպրոցը մաքրեցի: Աղջիկս զայրացած տնօրենին ասաց՝ տենց լավ չի, հրապարակն էլ մաքրել տուր… Ցինիկաբար պատասխանեց՝ որ պետք լինի, դա էլ կանի»:
Ռիտա Մկրտչյանը թեեւ միաժամանակ մի քանի տեղ է աշխատել, փաստացի գրանցված է եղել գրադարանում: Ստացել է նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ: «Մի տեղ եմ տաբել ստորագրել: Ու հիմա եմ հասկանում, թե ինչու էին մի տեղ ստորագրել տալիս: Փաստորեն, սկզբից էլ շահագործելու միտում են ունեցել. մի հաստիքով մի քանի հիմնարկների մաքրություն են ապահովել՝ իմ միջոցով»:
Իրեն շահագործելու մասին Ռիտա Մկրտչյանը չէր ահազանգի, եթե գրադարանի լուծարումից հետո իրեն էլ՝ բոլորի պես, վերականգնեին: Բայց հասկանալով, որ այլեւս գործազուրկ է, դիմել է փաստաբանի ծառայությանը՝ իրեն աշխատանքից ազատելու օրինականությունը պարզելու, 10 ամսվա չվճարված աշխատավարձը ստանալու եւ վերականգնվելու հնարավորությունը պարզելու համար:
«Հասմիկ Մելքոնյանից աշխատանքային պայմանագիրն ուզեցի, որ ներկայացնեմ փաստաբանին, չտվեց, ասաց՝ չկա, կասես՝ կորել է: Փաստաբանը՝ ստիպված, դիմեց Էջմիածնի քաղաքապետարան եւ ստացավ՝ երկրորդ դիմումից հետո: Հիմա ես պահանջում եմ վճարել իմ աշխատած 10 ամիսների աշխատավարձը, որը կազմում է 340 հազար դրամ: Ուզում եմ հասկանալ․ եթե որեւէ թղթի տակ չեմ ստորագրել, որեւէ համաձայնություն չեմ տվել, ինչպե՞ս են խզել պայմանագիրը: Էս կամայականություններին վերջ լինելո՞ւ է, թե՞ չէ: Մելքոնյան Հասմի՞կը պետք է որոշի՝ ով աշխատի, ով՝ ոչ: Նա այդքան ինքնագլո՞ւխ էր, որ միաժամանակ մի քանի տեղ աշխատեցներ ու նվազագույն աշխատավարձ տար: Ո՞վ է կանգնած նրա թիկունքին, ումո՞վ է այդքան վստահ, որ անօրինական արարքներ է թույլ տալիս»,- ասաց Ռիտա Մկրտչյանը:
Տիկինը դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանին: Իսկ Ռիտա Մկրտչյանի գործընկերուհին՝ գրադարանի համակարգչային օպերատորը, ում եւս ազատել են գրադարանի լուծարման հիմքով ու չեն վերականգնել, դիմել է դատարան: Ռիտա Մկրտչյանի կարծիքով՝ իրենցից ազատվել են ըմբոստ բնավորության պատճառով: «Իրենց անլեզու եւ անատամ մարդիկ են պետք: Իսկ ես չէի լռում…»,- ասում է նա։
Գրադարանի տնօրենը մեր այն հարցին, թե ինչու են տիկնոջն ազատել աշխատանքից, նշեց․ «Ռիմա Մկրտչյանին աշխատանքից ազատման հիմքը հստակ է` ՀՈԱԿ-ը լուծարվել է, եւ նա ազատվել է աշխատանքից: Այժմ գործում է այլ ՀՈԱԿ»: