Բրազիլիայում սուրճի բերքատվության նվազումը կարող է սուրճի գների կտրուկ աճի հանգեցնել ամբողջ աշխարհում
Բրազիլիայում սուրճի բերքատվության նվազումը կարող է սուրճի գների կտրուկ աճի հանգեցնել ամբողջ աշխարհում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։
Բրազիլիայում սուրճի բերքն ավանդաբար կապված է երկամյա ցիկլերի հետ, երբ ֆերմերները մեծ քանակությամբ արաբիկա են հավաքում զույգ թվով տարիների ընթացքում: Սակայն 2021 թ. պլանտացիաները տուժել են նախ երաշտից, ապա ցրտահարությունից, ինչը գրեթե զրկել է առատ բերքի հույսերից։ Բացասական սպասումների պատճառով 2021 թ. սուրճի ֆյուչերսներն արդեն սկսել են գերազանցել վերջին 10 տարվա ռեկորդները։ Բրազիլական արաբիկայի մեկ ֆունտի արժեքը բարձրացել է մինչեւ 2.58 դոլար եւ կայունացել 2.23 դոլարի սահմաններում, ինչը ավելի բարձր է նախորդ տարիների ցուցանիշներից։
Բրազիլիայից բացի, վատ եղանակից տուժել են նաեւ Կոլումբիայի պլանտացիաները, որը նույնպես սուրճի ազդեցիկ արտահանող է համաշխարհային շուկայում։ Որոշ հաշվարկներով, ինչպես նշում է թերթը, 2022 թ. գյուղացիական տնտեսությունների մի մասի բերքատվությունը կարող է գրեթե կրկնակի անգամ կրճատվել։ Օրինակ, ֆերմերների մի մասին միավորող «Մինասուլ» սուրճի կոոպերատիվը, որը զբաղվում է սուրճի արտադրությամբ, գնմամբ եւ արտահանմամբ, ակնկալում է, որ 2022 թ. իր արտադրության ընդհանուր ծավալը կկրճատվի մինչեւ մեկ միլիոն պարկ (132 ֆունտ սուրճ յուրաքանչյուրում)՝ 2020 թ. 2,2 միլիոն պարկի համեմատ։
Ստեղծված իրավիճակը կարող է միջազգային մասշտաբի խափանումներ առաջացնել սուրճի մատակարարման մեջ։ Խնդիրներին գումարվում է ոչ միայն բերքատվության անկումը, այլեւ գլոբալ լոգիստիկայի հետ կապված դժվարությունները եւ տրանսպորտային ծախսերի աճը։ Սուրճի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ այս ըմպելիքի սպառման ծավալը համաշխարհային մասշտաբով միայն կաճի՝ առաջ անցնելով արտադրության տեմպերից։
Մինչդեռ նման կանխատեսումների ֆոնին Fitch վարկանիշային գործակալության վերլուծաբանները, գրում է The Wall Street Journal-ը, չեն կարծում, որ գները կշարունակեն ուժեղ աճել։ Նրանց գնահատականով՝ դրանք կանգ կառնեն միջինում 2.15 դոլարի մակարդակում մեկ ֆունտ սուրճի դիմաց: Այնուամենայնիվ, արժեքի անկայունությունը կպահպանվի՝ որպես բրազիլական արտահանման կրճատման եւ պահեստներում պաշարների պակասի արդյունք: