Ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր
Հուլիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան–Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2 բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը:
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձարարականով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանն էլ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում է կոմունալ ծառայության աշխատակիցների հետ հեռացնում տապալված բարդենին: