Կան մտահոգություններ, կհնչի քաղաքական գնահատական. Արթուր Հովհաննիսյանը՝ Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մտահոգված է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ։
«Կան մտահոգություններ։ Գիտեք, որ Դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, ես պետք է խնդրեմ, որ սպասենք: Քաղաքական գնահատական եւս կհնչի, երբ մանրամասներին տեղեկանանք դատախազության ընդունած վարույթի արդյունքում», - այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք եկել են, որ Հայաստանում վերականգնեն արդարությունն ու արդարադատությունը ու գնում են այդ ճանապարհով։
Պատգամավորը բացառում է «հեռախոսային արդարադատությունը» Հայաստանում։
«Բայց, ցավոք սրտի, երբեմն դեպքեր են տեղի ունենում, որոնք դեռևս կարգավորումների կարիք ունեն», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։