Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հետաձգել է այցը Աֆրիկա
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաքելական ուղեւորությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն եւ Հարավային Սուդան չեղարկվել է բժիշկների համապատասխան խորհրդատվության պատճառով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
«Հետեւելով բժիշկների խորհուրդներին, որպեսզի չկորցնի ծնկների ցավի թերապիայի արդյունքները, սուրբ հայրը, ցավոք, ստիպված է հետաձգել հուլիսի 2-7-ը նախատեսված իր առաքելական ուղեւորությունը ԿԴՀ եւ Հարավային Սուդան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բրունին հստակեցրել է, որ Աֆրիկա Հռոմի պապի հնարավոր ուղեւորության ժամկետը ապագայում կորոշվի։
Ավելի քան մեկ ամիս է, ինչ 85-ամյա Ֆրանցիսկոսը հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում, որպեսզի «չծանրաբեռնի իր հիվանդ ծունկը»։ Նա հասկացրել է, որ դժվար համաձայնի նոր վիրահատության՝ անցյալ հուլիսին աղիքների հետ կապված խնդիրների պատճառով վիրահատական միջամտությունից հետո:
Առայժմ Հռոմի պապի ծրագրերի մեջ է հուլիսի վերջին այցը Կանադա։ Նախկինում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ուղեւորությունները արդեն չեղարկվել են, բայց շատ հազվադեպ։ Այսպես, 2020 թվականին Ֆրանցիսկոսը համավարակի պատճառով հետաձգել է իր այցը Մալթա։