Հայ-թուրքական բանակցային գործընթացը Երեւան-Բաքու գործընթացի հետ կապելու Անկարայի փորձերը կառուցողական չեն. Միրզոյան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ուրախ է Թուրքիայի ղեկավարությունից լսել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու պատրաստակամության մասին։
«Սա ողջունելի է։ Սակայն մի կողմից Թուրքիան հայտարարում է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ կապ ենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա չի կարելի կառուցողական մոտեցում համարել»,- ասել է Միրզոյանը։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Միրոզոյանը նշել է, որ բանակցությունները մի քանի ուղղություններով են ընթանում, եւ շատ հարցերում դիրքորոշումները չեն համընկնում։ Այնուամենայնիվ, Երեւանը շարունակում է հավատալ խաղաղ գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների կարեւոր բաղադրիչին, որոնք պետք է շարունակվեն միջնորդի միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Որպես գործընթացին խոչընդոտող գործոններ՝ նախարարը մատնանշեց բոլոր գերիներին վերադարձնելուց ադրբեջանական կողմի հրաժարվելը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները, սադրանքները, հրադադարի ռեժիմի խախտումները։ Արտգործնախարարը Բաքվի եւ միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքների վրա։