ԵՄ-ն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության ՀՀ պատրաստակամությունը
Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում են ԱԳՆ–ից։
Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար:
Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։
Գործընկերության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական և իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռևս առկա են մարտահրավերներ։ ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար:
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով: