Ծաղկաձորում աճուրդով օտարված հողատարածքը պետությանը վերադարձնելու դատախազության հայցը բավարարվել է
«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը, հայտնաբերելով պետական շահերի խախտման փաստը, 2019-2020թթ. պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մյուսների, որոնց շրջանակներում վիճարկել է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող թվով 25 հողամասի վերաբերյալ 2007թ.կայացված աճուրդները՝ պահանջելով կիրառել հետևանքներ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և նշված հողամասերից մեկը օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք բերած Զ. Գ.-ի: Մասնավորապես, դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 26.05.2007թ. կայացած այդ հողամասի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև Կոտայքի մարզպետի և նշված անձի միջև 31.05.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա տվյալ հողամասի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը քաղաքացուն նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել տվյալ հողամասը, իսկ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նրան վերադարձնել անվավեր ճանաչված հողամասի առուվաճառքի պայմանագրի գինը կազմած 3.435.500 ՀՀ դրամը: