Ի՞նչ հետևանքներ կունենա դոլարի և եվրոյի արժեզրկումը Հայաստանի համար. Փորձագետի պարզաբանումը
Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս պահին դոլարն ու եվրոն արժեզրկվել են։ Այսպիսի քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից արտահանման խթանմանը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա պարզաբանեց, որ որքան ցածր լինի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը, այնքան այդ երկրներից արտահանման աճն ավելի մեծ կլինի
«Դոլարի եւ եվրոյի՝ դրամի նկատմամբ արժեզրկման վրա ազդում են նաեւ Հայաստանի ներքին գործոնները, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության դանդաղումը, որը կտրուկ նվազեցրել է դրսից ներկրվող ապրանքների եւ սարքավորումների պահանջարկը։ Գործարարը, ով պետք է այստեղ մեկ դոլար գներ եւ ուղարկեր արտերկիր՝ ապրանք գնելու համար, սառեցրել է այդ գործարքը կամ նույնիսկ՝ հրաժարվել, քանի որ պահանջարկ չկա։ Մարդիկ ավելի շատ ծախսում են սննդի վրա, ավելի քիչ՝ հագուստի, տեխնիկայի եւ այլ ապրանքների»,- ընդգծեց Պարսյանը։
Փորձագետը հավելեց, որ սովորաբար բանկերում դոլարի շրջանառությունն օրական 30-40 մլն դոլար է կազմում, սակայն վերը նշվածի արդյունքում բանկերում ԱՄՆ արժույթի լուրջ ավելցուկ (մոտ 10 մլն դոլար) է ձեւավորել, որը չի հաջողվում իրացնել։
«Դա դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման է հանգեցնում, ինչը լրջորեն վնասում է ռուբլու արժեզրկման հետեւանքով արդեն տուժած արտահանողներին (մարտին՝ 50-60 տոկոսով) եւ արդեն իսկ արտահանման կտրուկ անկման է հանգեցրել փետրվարի համեմատ՝ 12.2 տոկոս։ Ավելի վաղ մենք սկսել էինք կորցնել ռուսական շուկան, իսկ այժմ՝ նաեւ ամերիկյան եւ եվրոպական շուկաները։ Արտահանողները միայն փոխարժեքի տատանումներից կորցնում են իրենց եկամտի 8-10 տոկոսը»,- եզրափակեց Պարսյանը։