«Հացադուլը կդադարեցնենք, երբ խնդիրը լուծվի». Հացադուլ հայտարարած երիտասարդները ստորագրահավաք են սկսել
Առավոտյան էներգիաներս տեղն է լինում, իսկ երեկոյան, եթե նույնիսկ հաց էլ կերած լինեինք, նույն կերպ սպառված կլինեինք, որովհետեւ էներգիա տանում է, բայց նաեւ հասկանում ենք, որ այդ էներգիայի կարիքն ունեն այն մարդիկ, որոնք գալիս են այստեղ, նրանց աչքերում հույս ենք տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց հացադուլ հայտարարած երիտասարդներից Նվեր Կիրակոսյանը:
«Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ ինքն իր խնդիրը լուծի, իսկ խնդիրը հանրային մոբիլիզացիան է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ազատության հրապարակում կազմակերպված ստորագրահավաքին, Նվեր Կիրակոսյանն ասաց. «Բոլոր այն մարդիկ, որնք ստորագրում են այստեղ, եւ մասնավորապես երիտասարդները, իրենք փաստում են, որ մեր առաջարկած գաղափարներն ամբողջությամբ կիսում են: Մեկնարկել է ստորագրահավաքը երեկ երեկոյան: Շուրջ հազար մարդ ստորագրել է արդեն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։