Հայաստանում օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն. Ռուբեն Մելիքյան
Հայաստանում օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն, որը մեզ շանս կտա կասեցնելու այս հակահայ ընթացքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Այլ օրակարգ չեմ տեսնում, իսկ իմ նշած օրակարգի սպասարկումը տեսնում եմ որպես քաղաքական ուժերի սուրբ պարտականություն մեր ազգի, մեր սերունդների, մեր նախնիների, մեր ինքնության առջեւ: Հույս ունեմ, որ այս ապակենտրոն պայքարի մեթոդաբանությունը, որ սկսվել է կիրառվել, նաեւ այլ դրսեւորում է ունենալու»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ոստիկանները թույլ չեն տալիս Ազատության հրապարակում վրան տեղադրել, Մելիքյանն ասաց. «Պատճառը պարզ է, ամեն կերպ փորձում են խոչընդոտել, պրոբլեմներ ստեղծել: Ակնհայտ է, որ վրան տեղադրելն իրավաչափ է: Հիշում ենք, որ երկար ամիսներ հենց այստեղ մեկ այլ քաղաքական ուժ մշտական հիմքունքներով տեղադրել էր փակ ծածկ եւ ինչ-որ ստորագրահավաք էր անում: ԱԺԲ-ի մասին է խոսքը: Իհարկե, ոստիկանությն գործողություններն իրավաչափ չեն: Հույս ունեմ, որ վրանը կտեղադրվի, որովհետեւ դա քաղաքացիների իրավունքն է եւ բխում է Սահմանադրությունից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։