Ադրբեջանի կողմից «միջանցքի» թեմայի ուռճացումը բացասաբար է ազդում հաղորդակցությունների ապաշրջափակման վրա. Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակն է կանխել սադրանքներն ու ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
«Այցը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ մեր երկրների գերագույն ղեկավարությունների միջեւ քննարկումների հիմնական թեման Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն է, ինչպես նաեւ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ադրբեջանական զորքերի վերահսկողության տարածքում գտնվող գազատարի «վթարը», հրադադարի մշտական խախտումները, այլ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին՝ մարտի 24-ին ադրբեջանական ԶՈՒ ներխուժումը ԼՂ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Դա «միջանցքի» թեմայի մշտական ուռճացումն է, որը բացասաբար է ազդում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված գործընթացի վրա, դա Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության արգելափակումն է, դա Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած ստորաբաժանումների դուրս բերումից հրաժարումն է»,- հայտարարել է Միրզոյանը:
Նախարարը կրկին ընդգծել է ՌԴ առանցքային դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիայի կանգնեցման գործում. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը կոչված է եղել կանխելու սադրանքներն ու ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաեւ պայմաններ ստեղծելու կյանքի բնականոն հունի վերականգնման համար:
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Բարձր ենք գնահատում նաեւ ՌԴ ջանքերը, որոնք ուղղված են 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել Հայաստանի հանձնառությունը բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք թվում ծայրահեղ արդիական են ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերը: Ելնում ենք նրանից, որ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր կարգավորման հասնել, որը խաղաղություն եւ կայունություն կբերի Հարավային Կովկասին»,- ասել է Միրզոյանն՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու սահմանագծման եւ սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքները:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններ սկսելու հետ, ինչով պայմանավորված հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լիակատար աշխատանքի կարեւորությունը: