Զորակոչիկների առողջական վիճակը չի հետազոտվում ամբողջությամբ.Արթուր Սաքունց
Իրավական ակտով չպետք է որոշվի զինակոչիկների պիտանիության հարցը, ինչը մարդու իրավունքների խախտում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նրա խոսքով' 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում մոտեցումը հետևյալն է՝ որքան հնարավոր է շատ թաքցնել զորակոչիկների առողջական վիճակը:
2013թ. գարնանային զորակոչի ընթացքում իրենց դիմել են 20 զորակոչիկներ, որոնցից 18-ն ունեցել է առողջական խնդիրներ: 19 գրություն է ուղարկվել. 16-ն ուղարկվել է պաշտպանության նախարարությանը, 1 գրություն՝ վարչապետին: 18 զորակոչիկներից 5-ը ճանաչվել են պիտանի, 7-ը՝ պիտանի սահմանափակումով՝ ծառայության համար: Նրանցից 2 հոգու տրվել է տարկետում, 2 զորակոչիկ պիտանի է ճանաչվել ծառայության համար, սակայն չեն գնացել տարբեր պատճառներից ելնելով:
Արթուր Սաքունցի խոսքով' զորակոչիկների առողջական վիճակը չի հետազոտվում ամբողջությամբ: Չբացահայտված դեպքերն են հանգեցնում դժբախտ դեպքերի: Սաքունցը նշեց, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում զորակոչիկի առողջական վիճակի վատթարացման հետևանքով մահացության դեպքերը: Հիվանդության հետևանքով զինծառայողների մահացության աճի միտում է նկատվում բանակում: Բժշկական զննության եզրակացությունը պետք է համապատասխանի զորակոչիկի առողջական վիճակին: