Պուտինը Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել, ինչին ստացել է «մենք ինքներս կլուծենք» պատասխանը
Ռուսաստանը պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանում ապաստան տրամադրել այնպիսի մարդկանց, ինչպիսին պարոն Պորոշենկոն է», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ինքը նախկինում Պորոշենկոյին առաջարկել էր ապաստան տրամադրել, եթե նա «որոշակի դժվարություններ ունենա ապագայում»։ Սակայն նա, ըստ ՌԴ ղեկավարի, լինելով Ուկրաինայի նախագահի պաշտոնում, շատ հեգնանքով վերաբերվեց այս հարցին։ «Բայց այսօր ես ուզում եմ հաստատել իմ առաջարկները՝ չնայած մեր լուրջ տարաձայնություններին այս հարցում, Դոնբասի կարգավորման հարցում», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ Պորոշենկոյին որպես պետական հանցագործ հետապնդելը «չափազանց մեծ հայտ է» համարում ներկայիս ղեկավարության հաջողության համար։
Պուտինը նշել է, որ ապաստանի առաջարկն արվել է մարդասիրական նկատառումներից ելնելով, այլ ոչ այն պատճառով, որ ինքը համաձայն է Պորոշենկոյի վարած քաղաքականության հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի, որ ուկրաինացի քաղաքական գործիչներն իրենք կարող են իրենց հարցերը լուծել հայրենիքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ պատասխանելով իրեն ապաստան տրամադրելու Ռուսաստանի ղեկավարի առաջարկին։
«Խորհուրդ եմ տալիս Վլադիմիր Վլադիմիրովիչին [Պուտինին] վերջապես գիտակցել, որ մենք ինքներս կլուծենք հարցերն այստեղ՝ Ուկրաինայում», - գրել էր Պորոշենկոն իր Telegram ալիքում։
Քաղաքական գործչի խոսքով՝ «ուկրաինական քաղաքականության մասին «հոգ տանելու» ռուսական դարավոր պրակտիկան դադարեց», երբ նա նախագահ դարձավ։
Բացի այդ, Պորոշենկոն մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ նա ցանկանում է «նվեր մատուցել Պուտինին»՝ հետապնդելով եվրոպամետ ընդդիմությանը։ «Խորհուրդ եմ տալիս Վլադիմիր Ալեքսանդրովիչին [Զելենսկուն] դադարեցնել Պուտինին հաճոյանալը եւ սկսել պաշտպանել երկիրը։ Եվ հենց այնտեղ ուղղել իր ջանքերը»,- նկատել է նա։