Հին գինեգործարանում հայտնաբերվել է ոսկե մատանի
Ամեթիստով ոսկե մատանի է հայտնաբերվել պեղումների ժամանակ, որոնք անցկացնում են Իսրայելից մասնագետներն աշխարհի խոշորագույն հին գինեգործարանում: Հին գործարանը գտնվում է Յավնայում՝ Թել Ավիվից 24 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը:
Մասնագետները ենթադրում են, որ մատանին կարող էր պատկանել հարուստ մարդու եւ ընդգծել նրա բարձր կարգավիճակը: Արտեֆակտը հայտնաբերվել է շերտերում, որոնք թվագրվում են VII դարին: Դա հետբյուզանդական վաղ իսլամական շրջանն էր Իսրայելի պատմության մեջ: Սակայն ամեթիստով ոսկյա մատանիները տարածված էին նաեւ ավելի վաղ՝ Հռոմեական կայսրության ժամանակ: Չի բացառվում, որ զարդը ստեղծվել է III դարում եւ վերջին սեփականատերը ժառանգել է այն:
Ամեթիստը հիշատակվում է Աստվածաշնչում՝ որպես 12 տեսակ քարերից մեկը, որոնք զարդարում էին հոգեւորականի լանջապանակը: Չի բացառվում, որ այն պետք է պաշտպաներ սեփականատիրոջը խումհարից: