Վատիկանը հանցագործությունները թաքցնելու համար պատժել է լեհ արքեպիսկոպոսին
Վատիկանը սեռական բռնության մեղադրանքների հետ կապված անփութության համար պատժել է Լեհաստանի Վրոցլավի նախկին արքեպիսկոպոսին` արգելելով նրան մասնակցել ցանկացած հանրային հանդիսության՝ ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ, հայտնում է National Catholic Reporter-ը:
Թոշակի անցած արքեպիսկոպոս Մարիան Գոլեբեւսկու դեմ որոշումը հրապարակվել է Լեհաստանի արեւմտյան Վրոցլավի արքեպիսկոպոսության կողմից: Նշվում է, որ Վատիկանը հետաքննություն է անցկացրել՝ 1996-2013 թվականներին սեռական բռնության մեղադրանքներին բավարար նշանակություն չտալու համար:
Արդյունքում 83-ամյա տղամարդուն հրահանգել են «ապրել ապաշխարության եւ աղոթքի ոգով»: Նրան արգելել են մասնակցել ցանկացած հանրային արարողության եւ կարգադրել են «համապատասխան գումար» վճարել այն հիմնադրամին, որն օգնում է դաժան վերաբերմունքի զոհերին:
Գոլեբեւսկու գործը ծագել է այն ժամանակ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հետաքննություն սկսեց սեռական բռնության աճող դեպքերի վերաբերյալ, որոնք խաթարել են եկեղեցու վարկանիշն ամբողջ աշխարհում:
Մարտին Վատիկանը հանցագործությունները թաքցնելու համար պատժել էր Գդանսկի նախկին արքեպիսկոպոսին՝ վտարելով նրան արքեպիսկոպոսության տարածքից: