Հայաստանում այսօր Վարդավառ է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ:
Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն նշում ենք այսօր՝ հուլիսի 11-ին:
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնամությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։
Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Այստեղից տոնի անունը «Քրիստոսի Պայծառակերպության» կամ «Քրիստոսի Այլակերպության» տոն։